8 օգոստոսի 2024 - 16:09 AMT
ՀՌՀ մասով նոր համաձայնագրով ռեկտորը 2 անընդմեջ ժամկետից ավելի չի պաշտոնավարի

Կառավարությունը հավանություն է տվել Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի գործունեության պայմանների վերաբերյալ նոր համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Նոր համաձայնագրով առավել հստակ ձևակերպված են համալսարանի կառավարման սկզբունքային մոտեցումները, կիրառվել է կրթական ծրագրերի իրականացման հավասար մոտեցման սկզբունքը՝ ՀՀ և ՌԴ օրենսդրությանը համապատասխան:

Համաձայնագրով նախատեսվում է, որ ռեկտորն ընտրվում է կառավարման խորհրդի կողմից կանոնադրությանը համապատասխան և պաշտոնում հաստատվում է լիազորված մարմինների համատեղ հրամանով մինչև 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող զբաղեցնել ռեկտորի պաշտոնը ավելի քան 2 ժամկետ անընդմեջ։

Ռեկտորի հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են ռեկտորի և որպես գործատու հանդես եկող ու համալսարանի հիմնադիրների անունից գործող հայկական կողմից լիազորված մարմնի միջև կնքված աշխատանքային պայմանագրով:

Որպես լիազորված մարմիններ հանդես են գալիս հայկական կողմից՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, իսկ ռուսաստանյան կողմից՝ Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարությունը: Նոր համաձայնագրով հստակ ձևակերպված են համալսարանի ընդունելության կանոնները և ակադեմիական իրավունքները, ազատությունները: