Հայաստանը փոխանցել է ադրբեջանական կողմին ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հայտարարել է Պրահայում՝ GLOBSEC համաժողովի շրջանակներում անցկացվող Armenia and the EU: Priorities, Partnerships, and Paths Forward պանելային քննարկմանը։ Նա վերահաստատել է Հարավային Կովկասում և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամությունը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ այս առումով ընդգծելով դիվերսիֆիկացիայի կարևորությունը` միտված ՀՀ ինքնիշխանության, միջազգային սահմանների, ժողովրդավարության պաշտպանությանը:
ԵՄ հետ գործակցության համատեքստում Կոստանյանը կարևորել է Հայաստանի և ԵՄ անդամ երկրների միջև ձևավորված ակտիվ քաղաքական երկխոսությունն ու համագործակցության ամուր հիմքերը՝ ընդգծելով ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵՄ հարթակում գործընկերության խորացման նշանակալի հեռանկարների առկայությունը։
ԱԳ նախարարի տեղակալը գոհունակություն է հայտնել ներկայիս ՀՀ-ԵՄ հարաբերությունների դինամիկայի կապակցությամբ, ինչպես նաև կարևորել ՀՀ-ԵՄ համագործակցության խորացումը և գործընկերության նոր օրակարգի ձևավորումը՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանը, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը։ Ընդգծվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) և դրա իրականացման կարևորությունը սոցիալ-տնտեսական մարտահրավերների հասցեագրման համատեքստում։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:
Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության դերը տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում։
Նա նաև ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը բացելու տարածաշրջանային կապուղիները ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության սկզբունքների հիման վրա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 31–ին հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ Երևանը Բաքվին առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածները։ Նա նշել է, որ առաջարկն ադրբեջանական կողմին է ուղարկվել օգոստոսի 30–ին, և, թերևս, այնտեղ դեռ չեն հասցրել ծանոթանալ դրան։ Նա հավելել է, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։