11 սեպտեմբերի 2024 - 12:01 AMT
Հաջիզադե․ Ռազմագերիներին վերադարձնելու հարցում Բաքուն ոչ մի պարտավորություն չունի

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն, անդրադառնալով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութանն ու մյուս հայ գերիներին ազատելու կոչերին, հայտարարել է, թե հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցում Ադրբեջանը ոչ մի պարտավորություն չունի:

Նա «հանցագործներ» և «անջատողական ռեժիմի ներկայացուցիչներ» է անվանել Արցախի ղեկավարներին և ասել է, թե Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել բոլոր ռազմագերիներին։

«Ադրբեջանը մինչ օրս, ելնելով մարդասիրական սկզբունքներից, բոլոր ռազմագերիներին վերադարձրել է Հայաստանին»,–ասել է նա, գրում է Minval.az-ը։

Հաջիզադեն նաև փաստացի մեղադրել է հայկական կողմին «Ադրբեջանից վերադառնալուց հետո ռազմագերիների զանգվածային կալանավորումների և հետապնդումների» մեջ։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին «Երևանյան երկխոսության» համաժողովում՝ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը այն անվանել է «իրողությունների ակնհայտ խեղաթյուրում»։ Նա կրկին ասել է, որ առանց չհամաձայնեցված կետերի խաղաղության պայմանագրի նախագիծը ստորագրելու առաջարկն անընդունելի է։

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։

Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։