Համացանցում տեսանյութեր են տարածվել, թե ինչպես են Երևանի Պարույր Սևակ փողոցում բազմահարկ շենք քանդում և փոշու հսկայական ամպ է գոյանում։
Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակի փողոցում շենք է քանդվել քաղաքապետարանի թույլտվությամբ։ Այդ մասին ասել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
«Մեզ դիմել է այդ տարածքում գտնվող շենքերի սեփականատեր ընկերությունը, որպեսզի թույլտվություն ստանա այնտեղի շենքերը քանդելու համար։ Մենք տվել ենք այդ թույլտվությունը ու հորդորել դա չանել պայթեցման եղանակով։ Այսօր իրենք ճոպանների միջոցով քանդման աշխատանքներ են իրականացրել»,– ասել է Կոստանյանը։
Նրա խոսքով` Քանաքեռ–Զեյթունի թաղապետն էլ իրենց փոխանցել է, որ աշխատանքների ժամանակ ներկա են եղել շտապօգնության աշխատակիցները։
Կոստանյանը հավելել է, որ Պարույր Սևակի փողոցում արդեն իսկ լվացման աշխատանքներ են իրականացվել։