Ֆրանսիայի կառավարությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովին մասնակցելու։ Այդ մասին լրագրողներին հայտնեց ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
«Մոտ 10 օրից Վիլեր–Կոտըրե քաղաքում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որին հյուրընկալվելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ֆրանկոֆոնիայի թեման քննարկվել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի` Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ»,– նշել է Դըկոտինյին, գրում է Sputnik Արմենիան։
Նրա խոսքով Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն առանձնահատուկ կապ է ստեղծում երկու երկրների միջև։ Ֆրանսիայի դեսպանը շեշտել է, որ դա Հայաստանի համար նաև ռազմավարական նշանակություն ունի, քանի որ բազմոլորտ համագործակցություն է ենթադրվում քաղաքական, ռազմական, մշակութային և այլ բնագավառներում։
2024 թ. հոկտեմբերի 4-ին և 5-ին Ֆրանսիան Վիլեր-Կոտըրե և Փարիզ քաղաքներում կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովը։2018-ին գագաթնաժողովն անցել է Հայաստանում։
Հայաստանը դեռ 2023 թվականի նոյեմբերին պաշտոնական հայտ էր ներկայացրել 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը Հայաստանում հյուրընկալելու համար։ Հուշագիրն արդեն իսկ ստորագրվել է, և Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվել է Հայաստանին։