19 սեպտեմբերի 2024 - 15:41 AMT
Շախմատի ՀՀ տղամարդկանց հավաքականը 7-րդ խաղափուլում հաղթել է Անգլիային

Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 7-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Անգլիայի հավաքականի նկատմամբ:

Թիմին հաղթական միավոր է բերել Հայկ Մարտիրոսյանը՝ նա սպիտակներով պարտության է մատնել Նիկիտա Վիտյուգովին։

Շանթ Սարգսյանի, Գաբրիել Սարգսյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Հայաստանի տղամարդկանց հավաքականը կիսում է 3-6-րդ հորիզոնականները Ուզբեկստանի, Հունգարիայի և Սերբիայի հավաքականների հետ: Միանձնյա առաջատարը Հնդկաստանի հավաքականն է, իսկ երկրորդ հորիզոնականում է Իրանի հավաքականը։

Հաջորդ՝ 8-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Հունգարիայի հավաքականի հետ։