23 սեպտեմբերի 2024 - 15:46 AMT
Ալիևը բողոքել է, թե ՀՀ–ում չեն ուզում հաշտվել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքների հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 7–րդ գումարման մեջլիսի առաջին նիստում բողոքել է, որ Հայաստանում չեն ուզում հաշտվել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքների և Արցախի հայաթափման հետ։

Ըստ նրա, այդ մասին է վկայում նաև Մինսկի խմբի պահպանումը, գրում է APA-ն։

«Գլուխ են բարձրացնում ռևանշիստական ուժերը։ Եվ խոսքը ոչ միայն մարգինալ քաղաքական տարրերի մասին է, նույն մտքերով և անուրջներով են ապրում նաև ՀՀ այսօրվա իշխանությունները։ Թեև նրանք խոսքով այլ բան են ասում, բայց նրանց գործերը, քաղաքականությունը, քայլերը միանգամայն հակառակ պատկերն են ստեղծում։ Այդ է վկայում նաև մինչ օրս ԵԱՀԿ Մինսկի խմբի պահպանումը, որն այլևս ոչ մի ֆունկցիոնալ նշանակություն չունի»,–ասել է նա։

Նա նաև ասել է, թե Հայաստանն արհեստականորեն ձգձգում է խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ Երևանը Բաքվին առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածները։ Նա հավելել է, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։