Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ կանոնները խախտող օգտատերերի IP հասցեներն ու հեռախոսահամարները կարող են փոխանցվել համապատասխան մարմիններին՝ հիմանավորված իրավաբանկան հարցումների դեպքում:
Ըստ նրա՝ դա պետք է վանի հանցագործներին, հայտնում է RTVI-ը։
«Telegram-ում որոնումը նախատեսված է ընկերներ գտնելու և նորություններ ստանալու, այլ ոչ թե ապօրինի ապրանքներ գովազդելու համար»,- ընդգծել է Դուրովը։
Նա դժգոհել է, որ Telegram-ից օգտվելու պայմանները խախտողները «չարաշահել են» որոնումը մեսենջերում՝ վաճառելով անօրինական ապրանքներ։ Ըստ Դուրովի, վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մոդերատորների հատուկ թիմն արհեստական բանականության օգնությամբ որոնումը Telegram-ում «շատ ավելի ապահով» է դարձրել։
«Բացահայտված «խնդրահարույց» կոնտենտն այլևս հասանելի չէ»,–նշել է նա։
Telegram-ի ծառայության պայմանները և գաղտնիության քաղաքականությունը թարմացվել են ամբողջ աշխարհի օգտատերերի համար:
Պավել Դուրովն օգոստոսի 24-ին ձերբակալվել է Փարիզում։ Ըստ Ֆրանսիայի դատախազության հաղորդագրության, նա հրաժարվել էր իրավապահներին տրամադրել ծանր հանցագործությունների հետաքննության համար անհրաժեշտ տեղեկատվություն, ներքաշված է եղել կիբերհանցագործությունների և փողերի լվացման մեջ։