7 հոկտեմբերի 2024 - 12:32 AMT
WCIT-ի բացման համերգի հրավառությունն ապօրինի էր՝ մասով արձանագրություն կկազմվի

Երևանի Հանրապետության հրապարակում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT) շրջանակում համերգից հետո տեղի ունեցած հրավառությունն ապօրինի է եղել։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Օրենսդրությամբ Երևանում արգելված է ցանկացած հրավառություն, բացառությամբ այն դեպքերի, երբ կա քաղաքապետի թույլտվություն։

«Կարծում եմ` մի քանի օր առաջ տեղի ունեցած համերգի շրջանակում հրավառության հարցը պետք է քննարկել ներքին գործերի նախարարության մեր գործընկերների հետ։ Սա այն միջոցառումներից էր, որ վստահաբար հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում»,– նշել է Ավինյանը։

Նա հանձնարարել է արձանագրություն կազմել այդ մասով։

Հրավառությունը մեկնարկել է կեսգիշերին մոտ և բավականին երկար տևել։