8 հոկտեմբերի 2024 - 17:52 AMT
Պեսկով․ Պուտինն Ալիևի և Փաշինյանի հետ բանակցելիս քննարկել է «Զանգեզուրի միջանցքը»

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով ՌԴ նախագահի առանձին հանդիպումներին ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ, ասել է, որ Վլադիմիր Պուտինն Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններում քննարկել է «Զանգեզուրի միջանցքի» թեման։

«Պուտինն առանձնազրույց է ունեցել նրանցից յուրաքանչյուրի հետ։ Ընդ որում, նախագահը երևի յուրաքանչյուրի հետ մի կես ժամ անցկացրել է, ուստի, հավանաբար, կարծիքների փոխանակում է եղել։ Դե, «Զանգեզուրի միջանցքի» թեման էլ է շոշափվել»,- ասել է նա լրագրողներին, գրում է ՌԻԱ Նովոստին։

Պեսկովն այդպես է պատասխանել հարցին, թե արդյոք հանդիպումների ժամանակ շոշափվել է «Զանգեզուրի միջանցքի» թեման։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե ՀՀ ղեկավարությունը սաբոտաժի է ենթարկում Սյունիքով անցնող հաղորդակցությունների մասին պայմանավորվածությունը, որի տակ դրված է վարչապետ Փաշինյանի ստորագրությունը: Նա ընդգծել էր, որ այսօր գլխավորը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված մի շարք եռակողմ պայմանավորվածությունների ոգուն և տառին հետևելն է։

Իրանի ԱԳՆ փոխարտգործնախարար և Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը վերահաստատել էր, որ Իրանը դեմ է միջազգայնորեն ճանաչված սա սահմանների և տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխություններին։ Նա նշել էր, որ երկրների ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձ շահերի հարգանքը կայուն խաղաղության երաշխավորն է և տարածաշրջանային համագործակցության հիմքը Կովկասում։

Photo. Ria Novosti