11 հոկտեմբերի 2024 - 17:11 AMT
ԱԳՆ–ն դատապարտել է հարձակումը Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա

Հայաստանի ԱԳ նախարարությունը դատապարտել է Իսրայելի հարձակումը Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի (UNIFIL) վրա: Այդ մասին ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում։

«Հայաստանը, որպես Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերում մասնակցություն ունեցող երկիր, խստորեն դատապարտում է կենտրոնակայանի վրա հարձակումը»,–ասվում է գրառման մեջ։

Նշվում է, որ ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը կոչված են նպաստելու կայունությանը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իսրայելի հարձակման հետևանքով Լիբանանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է վիրավորվել։

UNIFIL-ի կազմում կան նաև հայ խաղաղապահներ, որոնք տեղակայված են Լիբանանում 2014 թվականից։ Նրանք 32–ն են։