Եվրամիությունը հետաձգել է Շենգենյան գոտու երկրների սահմաններին երրորդ երկրների քաղաքացիների գրանցման ավտոմատացված համակարգի գործարկումը, որը նախատեսվում էր նոյեմբերին։
Գերմանիան, Ֆրանսիան և Նիդերլանդները պատրաստ չեն համակարգի ներդրմանը։ Այդ մասին հայտարարել է ԵՄ ներքին գործերի հանձնակատար Իլվա Յուհանսոնը Լյուքսեմբուրգում Եվրամիության երկրների ներքին գործերի նախարարության ղեկավարների հանդիպման ավարտին, հայտնում է Deustche Welle-ն։
Համակարգը չի կարող գործարկվել նաև այն պատճառով, որ գործընթացի համար պատասխանատու eu-Lisa գրասենյակը ևս պատրաստ չէ դրան: Նոր ժամկետ դեռ նշանակված չէ։ Եվրահանձնակատարը հույս է հայտնել, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ։
Յուհանսոնը նշել է, որ Եվրահանձնաժողովը կողմ է փուլային անցմանը նոր համակարգին՝ նախնական փուլում դեռևս առանձին անցակետերում։
Համակարգի ներդրման որոշումը կայացվել է դեռևս 2017–ին։