Ադրբեջանում հայտարարել են, որ հայաթափված Արցախի գյուղատնտեսական նշանակության հողերը, որոնք հարակից են բնակավայրերին ու գյուղական տարածքային միավորներին, արտոնյալ պայմաններով վարձակալության կտրվեն այդ բնակավայրերի բնակիչներին։
Այդ կապակցությամբ առաջարկվում է փոփոխություն կատարել «Հողի վարձակալության մասին» օրենքում, գրում է ԱՊԱ–ն:
Վարձակալության համար հողերի տրամադրման կարգը որոշվում է գործադիր իշխանության համապատասխան մարմնի կողմից։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի վարչակազմը սկսել է զանգվածաբար քանդել օկուպացված Ստեփանակերտի բնակելի տները։ Այդ մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։