23 հոկտեմբերի 2024 - 18:25 AMT
Նախարար․ Սնուփ Դոգի համերգը, հնարավոր է, նոյեմբերին կայանա

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով Երևանում այդպես էլ չկայացած հայտնի ռեփեր Սնուփ Դոգի համերգին, ասել է, որ, հնարավոր է, այն տեղի ունենա նոյեմբերին, հայտնում է Factor.am-ը։

Նա հավելել է, որ համերգի կազմակերպչի հետ վերջին ճշտումներով բանակցությունների գործընթացն ամփոփվում է՝ նոյեմբերի ընթացքում ինչ-որ օր առաջարկելու համար։

Ճշգրտող հարցին, թե արդյոք նոյեմբերին համերգը տեղի կունենա, նախարարը պատասխանել է, որ հնարավոր է։

«Հնարավոր է, այո, սպասում ենք կազմակերպության կողմից վերջնական պատասխանի»,–ասել է նա:

Համերգի մասին բանակցողն ու կազմակերպողը «Դոփինգ Սփեյս» ընկերությունն է։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ռեփեր Սնուփ Դոգի՝ դեռևս անցած տարվա սեպտեմբերին նախատեսված և չկայացած համերգի ֆինանսավորման վերաբերյալ վարույթ է հարուցել առերևույթ արգելված պետական օժանդակության հատկանիշներով։ ՄՊՀ–ն արձանագրել է, որ Սնուփ Դոգի հայաստանյան համերգը կազմակերպելու նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը օժանդակություն տրամադրման հարցում դրսևորվել է ընտրողականություն, քանի որ ծրագրի իրականացումը վստահված է մեկ տնտեսավարողի՝ առանց մրցույթի:

ՀՀ կառավարության 2023 թ. օգոստոսի 11–ի որոշմամբ` «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակում Սնուպ Դոգի հայաստանյան համերգը կազմակերպելու նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը տրամադրվել է 2 մլրդ 318 մլն 596 800 դրամ։ ԿԳՄՍՆ-ի և ընկերության միջև կնքված պայմանագրով գումարը տրամադրվել է դրամաշնորհի տեսքով։ Այդ գումարն օգոստոսի 25-ին ամբողջությամբ վճարվել է։ Սնուփ Դոգը գումարը չի վերադարձրել։ Ռեփերի հոնորարը կազմում է 1.8 մլն դոլար։