Կառավարության նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը:
Իր խոսքում Մեսրոպյանը, անդրադառնալով հանրային ծառայությունների ոլորտի խնդիրներին և հնարավոր լուծումներին, ասել է, որ նշանակվելու դեպքում փորձելու է խորը աուդիտի ենթարկել վերջին 10 տարիներին կատարված ներդրումները և դրանց արդյունավետությունը:
«Ինչպես նաև գնումների մասով պետք է բացառել փոխկապակցված անձանց, տվյալ ընկերությունների հետ կապված փոխկապակցված անձանց ընկերությունների գործունեությունը գնումների գործընթացին մասնակցելու առումով, որովհետև կյանքը ցույց է տալիս, երբ ունենում ենք նման դեպքեր, ապա թե՛ ձեռք բերված սարքերը կամ ծառայությունները շուկայականից ունենում են ավելի բարձր գներ, թե՛ որակի վերահսկողությունը կատարված աշխատանքի նկատմամբ հեռու է լինում ցանկալի արդյունքից»,-ասել է ՀԾԿՀ նախագահի թեկնածուն:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել այդ հարցերը, որովհետև հանրության համար դրանք ամենաակտուալն են և նաև տեսանելի, որովհետև ի վերջո որակի սպառողը և սակագնի չափ վճարողը հանրությունն է:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը նոյեմբերի 5–ի նիստում որոշել է կառավարությանն առաջարկել քննարկել Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը՝ որպես ՀԾԿՀ նախագահի թեկնածու։
Գարեգին Բաղրամյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից հրաժարվելու դիմում էր գրել հոկտեմբերի 10–ին։ Նա պաշտոնը զբաղեցնում էր 2019–ից։