28 նոյեմբերի 2024 - 17:31 AMT
Լեհաստանի նախագահը խոսել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունում լեհական անձնակազմի ավելացման մասին

Լեհաստանի դեսպան Անջեյ Դուդան լեհական լրատվամիջոցների հետ զրույցում, ամփոփելով Հայաստան կատարած այցը, ասել է, որ Լեհաստանը մասնակցում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը և քննարկվում է այդ առաքելությունում լեհ ներկայացուցիչների թիվն ավելացնելու հարցը։

Նա շեշտել է, որ հանդիպել է ԵՄ դիտորդներին և նրանց հետ պարեկություն իրականացրել սահմանին, հայտնում է Factor.am-ը։

«Առաքելությունն իր խնդիրն իրականացնում է Հայաստան-Ադրբեջան սահմանի հազար կիլոմետրի վրա, ուստի դա հսկայական խնդիր է, որը կատարում են այս առաքելության մաս կազմող հարյուրից ավելի մարդիկ։ Նրանք փորձում են մշտական վերահսկողություն պահպանել այդ տարածքների նկատմամբ: Առաքելությունը որոշակի հաջողություններ է բերում, օրինակ՝ իրավիճակը հանդարտեցնելու հարցում»,- ասել է Դուդան։

Նա ընդգծել է՝ դիտորդական առաքելության ժամանումից հետո դադարել են նախկինում գրանցվող հրատակոծությունները, ենթակառուցվածների ոչնչացումը, և «այդ տեսանկյունից կարելի է ասել, որ առաքելությունը հաջողված է»։

Ինչ վերաբերում է Հայաստանում հանդիպումներին, ապա Դուդան տեղեկացրել է, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին հրավիրել է պաշտոնական այց կատարել Լեհաստան՝ հույս հայտնելով, որ դա տեղի կունենա 2025 թվականին։ Այդ ժամակահատվածում նախատեսվում է նաև լեհ-հայկական բիզնես համաժողովի անցկացում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, ըստ Դուդայի, քննարկվել են հայ-լեհական հարաբերությունները, տնտեսական համագործակցության հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանում անցկացվող մրցույթներին լեհական ընկերությունների մասնակցությանը։

Անդրադառնալով ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին՝ COP29-ին մասնակցելու նպատակով Բաքու կատարած այցին, Դուդան ասել է, որ այցի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

«Ի թիվս այլ հարցերի՝ մենք խոսեցինք նաև Հայաստանի հետ հարաբերություններից։ Բարեբախտաբար, խաղաղության գործընթացը, հակամարտության լուծումն առաջընթաց է ապրում։ Սրանք հայերի և ադրբեջանցիների հարաբերություններն են, մարդկանց ու տարբեր էթնիկ խմբերի բնակության վայրերի խնդիրներ։ Ես այդ ամենի մասին խոսել եմ Ադրբեջանում»,- նշել է Դուդան՝ հավելելով, որ այդ թեմաների մասին խոսել է նաև Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներում։

Ադրբեջանում հիստերիա է բարձրացել այցով ՀՀ–ում գտնվող Լեհաստանի նախագահի Երասխ այցելության կապակցությամբ, որտեղ վերջինս ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին։ Ադրբեջանի ԱԳՆ–ն «ռազմավարական գործընկեր» Լեհաստանի նախագահի այդ քայլը «հակաադրբեջանական» է անվանել և խոստացել է «քայլեր ձեռնարկել»։