Անկարան ցանկանում է և ակնկալում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում գրանցված դրական տեղաշարժը կհանգեցի խաղաղության պայմանագրի կնքման, ինչը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից։ Այդ մասին ասվում է Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում ընդունված հայտարարության մեջ, հայտնում է Anadolu գործակալությունը։
Թուրքիայի ԱԽ նիստն անցել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ։
Մինչդեռ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, ելույթ ունենալով ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը, կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունում իբր առկա «տարածքային պահանջների» և ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու անհրաժեշտության մասին։
Դեկտեմբերի 5–ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը պետք է բանակցություններ սկսի այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների» համայնքի հետ և գործնական քայլեր ձեռնարկի նրանց «հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ»։ Նա այդ մասին ասել է Բաքվում բացված խորհրդաժողովում, որն անցել է «Վերադարձի իրավունք. Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար արդարության վերականգնում» խորագրով։ Խորհրդաժողովին մասնակցած Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ նման պահանջը համապատասխանում է միջազգային օրենքներին: