Երևանում տրանսպորտային ուղևորափոխադրման սակագների փոփոխությունը երկրում գնաճի վրա կարող է ունենալ մինչև 0.5 տոկոս ազդեցություն: Այդ մասին ասուլիսում ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Մենք ակնկալում ենք, որ մաքսիմալ ազդեցությունը, որ կարող է մյուս տարվա ընթացքում տեսնենք տրանսպորտի գների փոփոխության հետևանքով, մինչ 0.5 տոկոսն է»,-ասել է նա, գրում է Արմենպրեսը։
Երևանի ավագանու ընդունած որոշման համաձայն՝ 2025 թվականի հունվարի 1-ից կգործեն հասարակական տրանսպորտի ուղեվարձի նոր սակագներ: Ըստ փոփոխության՝ չի գործելու 100 դրամ սակագինը, առաջարկվելու են տոմսայն փաթեթներ՝ օրինակ ամսական, տարեկան: Սահմանված են նաև որոշակի արտոնություններ:
Երևանի քաղաքապետարանը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին վճարման 6 փաթեթ է առաջարկում, որոնց համաձայն մեկ ուղևորության գինը կկազմի 300 դրամ։ Համեմատաբար շահավետ է տարեկան փաթեթը, որից օրական 2 անգամ օգտվելու դեպքում ուղևորավարձը կկազմի 120.5 դրամ։