11 դեկտեմբերի 2024 - 16:30 AMT
Ավստրիայի նախկին ԱԳ նախարար․ Սիրիայից փախստականների թվում հայեր էլ կարող են լինել

Ավստրիայի նախկին ԱԳ նախարար, Ռուսաստանի հիմնախնդիրների աշխարհաքաղաքական դիտարանի (Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի G.O.R.K.I կենտրոն) ղեկավար Կարին Քնայսլը հայտարարել է, որ Սիրիայից փախստականների մեծ հոսք կարող է սկսվել դեպի Եվրոպա, որին այնտեղ պատրաստ չեն։

Նա նշել է, որ Սիրիայից փախստականների թվում կլինեն քրիստոնյաներ, այդ թվում հայեր կարող են լինել, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Հիմա միլիոնավոր մարդիկ կփախչեն Սիրիայից մարդկանց որսի, սովի և ահաբեկչության պատճառով: Նրանցից շատերը իսկական քաղաքական փախստականներ կդառնան՝ սիրիացի պետծառայողները, ուսուցիչները, քրիստոնյաները, լինեն նրանք ուղղափառ, մարոնիներ, թե հայեր: Իսմայիլիներ, ալավիներ և բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում, որ իրենց նկատմամբ հաշվեհարդար տեսնեն Դամասկոսի փողոցներում»,- գրել է նա իր Telegram–ալիքում:

Քնայսլը կարծում է, որ «Ավստրիայի պես երկրները կարող են բոլորովին անպատրաստ լինել անխուսափելի աղետներին, որոն կհորդեն Արևմտյան Ասիայից Արևմտյան Եվրոպա»։

Նա նաև իրականությունից կտրված է անվանել արևմտյան մամուլի հրապարակումներն ու եվրոպացի պաշտոնյաների հայտարարությունները ավելի վաղ հեռացած սիրիացիների հայրենադարձության մասին:

Նոյեմբերի 27-ին Սիրիայի զինված թուրքամետ ընդդիմադիր խմբերը լայնածավալ հարձակում սկսեցին Հալեպ և Իդլիբ նահանգներում սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ, գրավեցին Հալեպը, Համան ու Հոմսը։ Դեկտեմբերի 8-ին նրանք գրավեցին երկրի մայրաքաղաք Դամասկոսը։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռացել է երկրից, նա ընտանիքի հետ ապաստան է ստացել ՌԴ–ում։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց իրականացնել: Սիրիայի վարչապետ Մուհամեդ Ալ-Ջալալին հայտարարել, որ պատրաստ է համագործակցել ժողովրդի կողմից ընտրված ցանկացած ղեկավարության հետ:

Photo. Reuters