Տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունները կանխարգելելու նպատակով պարեկային ծառայությունը բակային տարածքներում կուժեղացվի, հայտնում է ՆԳՆ-ն:
Տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունների աճը լուրջ խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Նշված հանցագործությունների աճին նպաստում են ինչպես տրանսպորտային միջոցների քանակի ավելացումը, այնպես էլ այն հանգամանքը, որ տրանսպորտային միջոցներից գողություններ կատարելն ավելի դյուրին է տարբեր պատճառներով։
Ներքին գործերի նախարարությունը, կարևորելով նշված հանցատեսակի դեմ ամենօրյա հետևողական պայքարին զուգընթաց իրավական դաշտի՝ գործնականում հիմնավորված լավարկումը, հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով նախատեսվում է խստացնել տրանսպորտային միջոցներից կատարվող գողության համար քրեական պատասխանատվությունը՝ այն համապատասխանեցնելով տվյալ արարքի հանրային վտանգավորության իրական աստիճանին ու բնույթին։
Պատասխանատվության խստացումն այն գործիքակազմերից է, որը թույլ կտա մեծացնել կանխարգելիչ ազդեցությունը:
Կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացման նպատակով Պարեկային ծառայությունը բակային տարածքներում հսկողությունը ուժեղացնում է:
Նախագիծը մշակվել է Ներքին գործերի նախարարության կողմից: Նախագծի համահեղինակ է նաև ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը: