26 դեկտեմբերի 2024 - 17:45 AMT
ԱՆ․ Երեխաներին պետք չէ զրկել տոնական ուտեստներից, բայց անհրաժեշտ է զգույշ լինել «անծանոթ» սննդի դեպքում

Առողջապահության նախարարությունը հորդորում է տոնական օրերին ուշադրություն դարձնել երեխաների սննդակարգին։ Նշվում է, որ երեխաներին պետք չէ զրկել տոնական ուտեստներից, սակայն անհրաժեշտ է զգույշ լինել «անծանոթ» սնունդ ընդունելու առումով՝ խնդիրներից խուսափելու համար։

Մասնագետները խորհուրդ են տալիս այս ընթացքում պահպանել երեխայի կանոնավոր սննդակարգը:

Նախարարությունը մի քանի պարզ կանոն է ներկայացրել՝ երեխաների առողջ սննդակարգը պահպանելու համար.

Օգտագործել թարմ և բալանսավորված սնունդ

Ուշադրություն դարձնել ինչպես տանը պատրաստված, այնպես էլ վաճառվող սննդի ժամկետներին

Խուսափել հում կամ վատ ջերմամշակված մսամթերքից

Ձեռնպահ մնալ տնային պայմաններում պահածոյացված մթերք օգտագործելուց

Խուսափել ծանրամարս, մեծաքանակ և ուշ ժամերին սնունդ ընդունելուց

Ընդեղեն օգտագործելիս լինել զգոն, հատկապես մինչև 3 տարեկան երեխաների շրջանում, այն կարող է խցանել շնչուղիները

Խուսափել գազավորված ըմպելիք և քաղցր հյութեր օգտագործելուց

ԱՆ–ն հորդորում է ինքնազգացողության վատացման դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմել բժշկի: