Հայաստանի իշխանությունները մտադիր չեն չեղարկել ավիաընկերությունների կողմից քաղաքացիական օդանավերի թռիչքները դեպի Ռուսաստան՝ Azerbaijan Arilines ավիաընկերության ինքնաթիռի կործանումից հետո։ Այդ մասին «Ինտերֆաքսին» ասել է ՏԿԵ նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։
«Այս պահի դրությամբ նման բան նախատեսված չէ»,- ասել է նա։
Հայկական ավիաընկերությունների ներկայացուցիչները ևս հայտնել են, որ Հայաստանից Ռուսաստան չվերթերը կիրականացվեն առանց փոփոխությունների՝ ըստ նախապես սահմանված ժամանակացույցի։
Բաքուից Գրոզնի մեկնող Azerbaijan Arilines–ի ինքնաթիռը դեկտեմբերի 25–ին կործանվել է Ղազախստանում՝ Ակտաուի օդանավակայանի մատույցներում, որից հետո այդ ընկերությունը չեղարկել է թռիչքները դեպի ՌԴ 10 քաղաք։
Ադրբեջանի տրանսպորտի և թվային զարգացման նախարար Ռաշադ Նաբիևը հայտարարել է, որ Բաքու–Գրոզնի J2-8243 չվերթն իրականացնող ինքնաթիռի բեկորներն ու վկաների ցուցմունքները հիմք են տալիս ասելու, որ ինքնաթիրը «արտաքին միջամտության է ենթարկվել»։
«Քննությունը կպարզի, թե ինչ զենքով է կատարվել այդ միջամտությունը։ Քննությունը նաև կպարզի, թե արդյոք ինքնաթիռը Մախաչկալայում վայրէջք կատարելու թույլտվություն է ստացել»,–ասել է նա։