Global Firepower վերլուծական ռեսուրսի 2025 թվականի ռազմական հզորության վարկանիշում Հայաստանը բարելավել է դիրքերը և զբաղեցնում է 91-րդ հորիզոնականը՝ տարածաշրջանային երկրներից առաջ անցնելով միայն Վրաստանից, որը մեկ տարում նահանջել է 10 հորիզոնական` 84-րդ տեղը զիջելով Չադին ու հայտնվելով 94-րդ տողին։
Տարածաշրջանային երկրներից առաջատար է ՌԴ-ն՝ հայտնվելով 2-րդ հորիզոնականում (PwrIndx 0.0788)։ Թուրքիան 9-րդ հորիզոնականում է (PwrIndx 0.1902), Ադրբեջանը՝ 60-րդ (PwrIndx 1.2531), գրում է Factor.am-ը։
Իրանը զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը, իսկ, օրինակ, Ուկրաինան՝ 20-րդ։
PowerIndex ինդեքսը կազմվում է՝ հաշվի առնելով ավելի քան 60 գործոն։ Հետազոտողները վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի են առել երկրի ֆինանսները, ռեսուրսները, նյութատեխնիկական ապահովումը, ավիացիան, ռազմածովային կարողությունները, ռազմական անձնակազմը և այլ հարցեր: Որքան բարձր է դիրքը (և որքան ցածր է միավորը), այնքան ուժեղ է բանակը:
Նոր վարկանիշային աղյուսակը ներառում է 145 երկիր։ Առաջին հորիզոնականը զբաղեցնում է ԱՄՆ-ն, երկրորդ հորիզոնականը կիսել են Ռուսաստանը և Չինաստանը: Լավագույն հնգյակում հայտնվել են նաև Հնդկաստանն ու Հարավային Կորեան, իսկ լավագույն տասնյակում՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Թուրքիան և Իտալիան։