Սիրիան արգելել է մուտքն Իրանի ու Իսրայելի քաղաքացիների համար։ Այդ մասին հայտարարությունը տեղադրված է «Թուրքական ավիաուղիների» (THY) պաշտոնական կայքում, որը վերսկսում է թռիչքները դեպի Դամասկոս, գրում է Turkiye today-ը։
Սիրիայի կառավարության կողմից մուտքի սահմանափակումներ են հաստատվել նաև լիբանանցիների համար, որոնք կարող են մուտք գործել երկիր, եթե մեկ ծնողը սիրիացի է կամ ունեն վավեր կացության իրավունք կամ վիզա այլ երկրից։
Լրագրողները պետք է ունենան հատուկ թույլտվություն մուտքի համար։
«Թուրքական ավիաուղիների» թռիչքների վերսկսման որոշումը կայացվել է Թուրքիայի և Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների կարգավորման վերջին քայլերի շրջանակում։ THY-ն դադարեցրել էր իր թռիչքները Սիրիա ավելի քան տասնամյակ առաջ՝ քաղաքացիական պատերազմի պատճառով։
«Թուրքական ավիաուղիների» գլխավոր տնօրեն Բիլալ Էքշին սոցցանցերում կիսվել է այս հայտարարությամբ՝ մեջբերելով թուրք բանաստեղծ Սեզայ Կարաքոչի խոսքերը․ «Ես Դամասկոսը գիտեմ հազար տարի առաջից։ Այն այնքան մոտ է ինձ, որքան մայրական կաթս։»
Էքշին հավելել է․ «Մենք վերադառնում ենք Դամասկոս։ Հունվարի 23-ից սկսած՝ հինգշաբթի օրը, կսկսենք շաբաթական երեք թռիչքներ Դամասկոս»։
Նոյեմբերի 27-ին Սիրիայի զինված թուրքամետ ընդդիմադիր խմբերը լայնածավալ հարձակում սկսեցին Հալեպ և Իդլիբ նահանգներում սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ, գրավեցին Հալեպը, Համան ու Հոմսը։ Դեկտեմբերի 8-ին նրանք գրավեցին երկրի մայրաքաղաք Դամասկոսը։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռացել է երկրից, նա ընտանիքի հետ ապաստան է ստացել ՌԴ–ում։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց իրականացնել: