Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը Մերձավոր Արևելքում միայն նպաստում է իրավիճակի էլ ավելի ապակայունացմանը տարածաշրջանում։ Նա այդ մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Ես և Իրանի գերագույն առաջնորդը կարծում ենք, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն միայն տարածաշրջանային երկրների միջև պայմանավորվածությունների միջոցով։ Արտատարածաշրջանային տերությունների ներկայության անհրաժեշտություն չկա, դա միայն կարող է վատթարացնել իրավիճակը», - ասել է ԻԻՀ նախագահը:
Նա նշել է, որ Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները ռազմավարական և համապարփակ բնույթ են կրում, և երկու երկրներն էլ պատրաստ են շարունակել սերտ համագործակցությունը:
Ակնկալվում է, որ բանակցությունների ավարտին Վլադիմիր Պուտինն ու Մասուդ Փեզեշքիանը համաձայնագիր կստորագրեն Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին։