ՀՀ իշխանություններն արտահանձնել են Թուրքիային կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված 2 անձի, հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։
«Արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված խնդրանքին` 2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ», – ասված է հաղորդագրության մեջ։
Թուրքական աղբյուրները բացահայտել են Հայաստանից արտահանձնված անձանց մասին մանրամասներ, ընդգծելով նրանց հանցավոր գործունեությունն ու Ինտերպոլի հետախուզման գործընթացը:
Թուրքական լրատվամիջոցները տեսանյութ են տարածել, որտեղ հատուկ ջոկատայինները տեղափոխում են Հայաստանից արտահանձնված երկու անձանց։
Daily Sabah-ի տվյալներով՝ նրանց անուններն են Էրքան Յըլմազ և Իբրահիմ Կայմակ։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան նշել է, որ Յըլմազը 15 տարի շարունակ ազատության մեջ է եղել, իսկ այդ ընթացքում նրան առնչվող 43 ձերբակալման օրդեր է տրվել։ Նա ընդգրկված է Ինտերպոլի ամենահետախուզվողների ցուցակում վերջին 14 տարիների ընթացքում, հայտնում է Factor.am-ը։
Իբրահիմ Կայմակը, ըստ Երլիքայայի, փախուստի մեջ է եղել վեց տարի՝ խուսափելով 10 ձերբակալման օրդերից և միջազգային ձերբակալության մեկ օրդից, որը տրվել է մեկ տարի առաջ։
Թուրքիայի ներքին գործերի նախարարը սոցիալական ցանցերում գրել է, որ Հայաստանի հետ համագործակցության արդյունքում երկու անձանց ձերբակալությունն ու արտահանձնումը հնարավոր են դարձել։
Երլիքայան շնորհակալություն է հայտնել ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցին՝ նշելով նրա դերակատարությունը գործընթացում։
«Թուրքիան և Հայաստանը լարված հարաբերություններ ունեն Խորհրդային Միության փլուզումից հետո։ Սակայն վերջին տարիներին կողմերը որոշ քայլեր են արել հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, թեև այդ գործընթացը դանդաղ է ընթանում։ Արտահանձնման նման դեպքերը երկու երկրների միջև հազվադեպ են տեղի ունենում»,- գրել են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ գնահատում է Հայաստանի համագործակցությունն այս հարցում։