ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը նվիրված հատուկ երեկոյին, որը տեղի է ունեցել Անդրյու Մելլոն կառավարական սրահում։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու՝ պատիվ ունեցա մասնակցելու ԱՄՆ խոշորագույն NewsMax Media ընկերության հրավերով Անդրյու Մելլոն կառավարական սրահում նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին»,–գրել է նա։
Միջոցառման ընթացքում նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել հայտնի գործիչների հետ։
«Միջոցառման ընթացքում ջերմ շփման լավ հնարավորություն ունեցա ԱՄՆ առաջիկա պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, նախագահ Թրամփի երկարամյա ընկերներ Քրիստոֆեր Ռուդիի, Պատրիկ Օրլանդոյի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների ու միջազգային հյուրերի հետ»,- գրել է նախարար Մկրտչյանը։
Լուսանկարներից պարզ է դառնում, որ միջոցառմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալությամբ ստանձնել է իր պարտականությունները հունվարի 20–ին։