Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության`ԵԱՏՄ. շրջանակներում տպավորիչ արդյունքներ է գրանցել։
«Մեր համագործակցությունը, ինչպես երկկողմ հարթակում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, ապահովում է տպավորիչ արդյունքներ», — ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նախարարը հույս է հայտնել, որ դա կնպաստի Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը և այն խնդիրների լուծմանը, որոնք դնում է իր առջև երկիրը։
Արարատ Միրզոյանն իր հերթին ընդգծել է Ռուսաստանի հետ հումանիտար կապերի զարգացման դրական դինամիկան։
«Գոհունակությամբ պետք է նշեմ, որ հայ-ռուսական երկխոսության զարգացման հումանիտար ուղղությամբ դրական դինամիկա է նկատվում։ Պարբերաբար անցկացվում են գիտության և մշակույթի գործիչների հանդիպումներ»,–ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունները ընդգրկում են լայնածավալ և բազմակողմանի թեմաներ։
Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարների բանակցությունները տեղի են ունենում Մոսկվայում։ Կողմերը քննարկում են երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ, ԵԱՏՄ և այլ եվրասիական ինտեգրացիոն կառույցներում համագործակցությունը, ինչպես նաև միջազգային օրակարգի արդիական հարցերը։