21 հունվարի 2025 - 16:33 AMT
ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է Ռուբիոյին՝ անհամբեր սպասում է համագործակցության

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով և հավելել, որ անհամբեր սպասում է համագործակցության։ Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Հայաստանը բարձր է գնահատում ԱՄՆ հետ ընդհանուր արժեքների և շահերի վրա հիմնված ռազմավարական գործընկերությունը: Մենք անհամբեր սպասում ենք մեր համագործակցության ամրապնդմանը՝ միտված մեր երկրների անվտանգությանը, ժողովրդավարությանը և բարգավաճմանը»,- ասվում է գրառման մեջ։

Հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են ռազմավարական գործընկերության փաստաթուղթ՝ ամրապնդելով երկու երկրների համագործակցությունը։

Բլինքենը կանոնադրության ստորագրման արարողության իր խոսքում ասել է, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ–ից մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ կմեկնի Հայաստան՝ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ հայ գործընկերների հետ աշխատելու համար։