21 հունվարի 2025 - 18:57 AMT
Վարչապետի օրինակով քննարկվել է, թե որքանով է համընդհանուր հայտարարագրման համակարգը մատչելի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրինակի միջոցով կառավարությունում քննարկվել է, թե որքանով է համընդհանուր հայտարարագրման համակարգը հասանելի և պարզ կիրառման համար։ Վարչապետը գործնականում անցել է հայտարարագրման հավելվածի բոլոր կետերով՝ գործընթացի հնարավոր դժվարությունները բացահայտելու և դրանց լուծման ուղիները վերլուծելու նպատակով։

Վարչապետը կարևորել է համակարգի մատչելիության ապահովումը՝ հայտարարման ենթակա անձանց կողմից գործընթացը հնարավորինս դյուրին և արագ իրականացնելու համար:

Քննարկման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել համակարգում առկա խնդիրների բացահայտմանը և դրանց լուծմանն ուղղված հնարավոր քայլերին։

Փաշինյանը կհամալրի իր հայտարարագիրը հունվարի 22-ին՝ ցույց տալով գործընթացի ամբողջական ընթացքը։

Համընդհանուր հայտարարագրման պահանջն ուժի մեջ է մտնում 2025–ի մայիսից և վերաբերում է բոլոր նրանց, ովքեր վարձու աշխատող են եղել 2024–ին։