ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նորանշանակ խորհրդական Մայքլ Ուոլցին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
Գրիգորյանը նշել է, որ Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն ու Հայաստանը պատրաստակամ է այդ հարցում:
«Հաջողություններ եմ մաղթել Ուոլցին իր գործունեության մեջ և վստահությամբ ընդգծել, որ Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն ու Հայաստանը պատրաստակամ է այդ հարցում:
Որպես ձեռքբերում նշել եմ հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը և կարևորել երկկողմ փոխշահավետ օրակարգի առաջմղումը»,–ասվում է գրառման մեջ։
Հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են ռազմավարական գործընկերության փաստաթուղթ՝ ամրապնդելով երկու երկրների համագործակցությունը։
Բլինքենը կանոնադրության ստորագրման արարողության իր խոսքում ասել է, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ–ից մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ կմեկնի Հայաստան՝ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ հայ գործընկերների հետ աշխատելու համար։