23 հունվարի 2025 - 15:19 AMT
ԱԽ քարտուղար․ ՀՀ–ն իր հարաբերությունները չի կառուցում 3–րդ երկրների հաշվին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով արտաքին քաղաքականությանը, ասել է, որ Հայաստանը իր հարաբերությունները չի կառուցում 3–րդ երկրների հաշվին:

«Որևէ երկրի հետ մեր հարաբերությունները երրորդ կողմի հաշվին չենք իրականացնում։ Հայաստանը գտնում է, որ իր հարաբերությունները պետք է սերտացնի Բրյուսելի և ԵՄ անդամ երկրների հետ, ինչպես նաև ԱՄՆ–ի հետ։ Ու սերտացնում է։ Սա է մեր հարաբերությունների նպատակը»,– նշել է Գրիգորյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Գրիգորյանը շեշտել է, որ եթե Միացյալ Նահանգների կամ Եվրոպական միության հետ հարաբերությունները համահունչ լինեն Հայաստանի շահերին և ամրապնդեն երկրի ինքնիշխանությունը, ապա այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն։

Նա անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց դեռ չի կայացել։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում նորանշանակ պաշտոնյաները որոշակի սահմանափակումների են ենթարկվում իրենց պարտականությունները ստանձնելու առաջին շրջանում։ Հայաստանը հայտնել է պատրաստակամություն հեռախոսազանգ կազմակերպելու հարցում, սակայն հաշվի է առել այդ հանգամանքները և սպասել է, որ Թրամփի վարչակազմի նոր անդամները լիարժեք ստանձնեն իրենց պաշտոնները։

ԱԽ քարտուղարը հավելել է, որ խնդիրը չի սահմանափակվում մեկ հեռախոսազրույցով, այլ վերաբերում է ընդհանուր համագործակցությանը ԱՄՆ նախագահի նոր թիմի հետ։

«Մեր ամբողջ թիմը մտադիր է կարգավորել աշխատանքը Թրամփի թիմի հետ»,– ասել է նա։

Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայի մտահոգություններին հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի առնչությամբ, ապա Գրիգորյանն առաջարկել է այդ հարցով դիմել Մեծ Բրիտանիայի դեսպանատուն՝ միաժամանակ ընդգծելով, որ Երևանը շարունակում է մտահոգված մնալ Բաքվի հռետորաբանությամբ։

Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։

Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։ Այդ մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել են, որ Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անհամատեղելի է, քանի որ երկու միություններն էլ պահանջում են մաքսային սահմանների բացակայություն ու ապրանքների, ծառայությունների և աշխատուժի տեղաշարժի ազատություն: