Հայաստանը ատոմակայանի կառուցման նպատակով բանակցություններ է վարում ոչ միայն Ռուսաստանի և ԱՄՆ–ի, այլ նաև Կորեայի և Չինաստանի հետ: Այդ մասին հայտնել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, տեղեկացնում է Factor.am-ը։
Նախարարությունից նշել են, որ նոր միջուկային էներգաբլոկների կառուցման համար ներկայումս ուսումնասիրվում են ատոմային էներգետիկայի բնագավառում գոյություն ունեցող տարբեր տեխնոլոգիաները և ռեակտորային տեղակայանքները։ Միևնույն ժամանակ, թե՛ էներգաբլոկի տեսակը, թե՛ հզորությունը կսահմանվեն այն առաջարկների և հաշվարկների հիման վրա, որոնք կներկայացվեն տեխնիկատնտեսական հիմնավորումների արդյունքում։
2024 թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ նոր ատոմակայանի կառուցման համար Հայաստանի կառավարությունը տարբեր երկրների հետ է բանակցում: Թե հատկապես որ երկրների հետ, նախարարն այդ ժամանակ չէր հստակեցրել։
2023 թ. օգոստոսին կառավարության նիստի ընթացքում որոշվել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարման նպատակով ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն, որը կզբաղվի հայտերի ուսումնասիրությամբ, էներգաբլոկի վերջնական մոդելի ընտրությամբ և շինարարության վերահսկմամբ։ Այս ընկերությունն ուղիղ մասնակցություն կունենա նախագծի բոլոր փուլերում՝ մինչև ատոմակայանի շահագործման հանձնվելը։
Նախարարությունից նաև հայտնել են, որ ամերիկյան մի ընկերություն Հայաստանում իրականացնում է փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման նպատակահարմարության վերաբերյալ տեխնիկատնտեսական հետազոտություն:
Մոդուլային ատոմակայանների գաղափարը նախապես բարձրաձայնվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ մեկ տարի առաջ կառավարության նիստերից մեկի ընթացքում։