Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ քննարկվել են մաքսային և հարկային ոլորտում փոխգործակցության մի շարք հարցեր։
Կողմերն անդրադարձել են նաև Վերին Լարս սահմանային անցման կետում ի հայտ եկած խնդիրներին, դրանց լուծման ուղիներին և օպերատիվ արձագանքման մեխանիզմներին։
ՊԵԿ նախագահը նշել է, որ կարևոր նշանակություն ունի Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքների տեղափոխման ժամանակ նավիգացիոն կապարակնիքների կիրառման փորձնական ծրագրի իրականացումը, որը համաձայնեցվել է 2024թ. դեկտեմբերի 20-ին կայացած տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում։ Նա նաև ընդգծել է ավտոմոբիլային փոխադրումների ժամանակ նավիգացիոն կապարակնիքների կիրառման միջկառավարական համաձայնագրի մշակման կարևորությունը։
Դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է շարունակել ՊԵԿ ծառայողների համար ռուսերեն լեզվի կարողությունների զարգացման ծրագրերի իրականացումը, որը նախկինում նույնպես կազմակերպվել է։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը և միասին աշխատելու ընդհանուր նպատակներին հասնելու ուղղությամբ։