ԱՄՆ-ն սառեցրել է արտաքին օգնության ծրագրերի նոր ֆինանսավորումը: Պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուղերձ է հղել ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանատներին՝ հստակեցնելով որոշումը։
Ուղերձում նշված է, որ սա բխում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հունվարի 20-ին ստորագրած հրամանագրից, որը սահմանում է, որ ԱՄՆ արտաքին օգնության ներկայիս ձևաչափը «չի համապատասխանում ամերիկյան շահերին և շատ դեպքերում հակասում է ամերիկյան արժեքներին», հայտնում է «Ազատությունը»։
Հրամանագրով նախատեսվում է 90-օրյա դադար զարգացման նպատակով օտարերկրյա պետություններին տրամադրվող ամերիկյան օգնության հարցում։ Այս ընթացքում կվերանայվեն օգնության ծրագրերի արդյունավետությունը և դրանց համապատասխանությունը Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական նպատակներին։
Հրամանագիրը տարածվում է այլ պետություններին, ոչ կառավարական կազմակերպություններին (ՀԿ-ներ), միջազգային կազմակերպություններին և կապալառուներին նոր ֆինանսական միջոցների տրամադրման վրա՝ մինչև վերանայման գործընթացի ավարտը։