29 հունվարի 2025 - 18:21 AMT
Օվերչուկ․ Միշտ աջակցել ենք ՀՀ և Ադրբեջանի սահմանազատմանը, պատրաստ ենք քարտեզագրական նյութեր տրամարդել

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատումը և ողջունում է գործընթացը երկու երկրների սահմանների՝ Վրաստանի հետ հատման կետից դեպի հարավ շարունակելու որոշումը։

Նա նաև ասել է, որ ՌԴ–ն միշտ աջակցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատմանը և պատրաստ է քարտեզագրական նյութեր տրամարդել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ Մոսկվան պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել՝ օգտագործելով իր մեծ փորձը նմանատիպ աշխատանքներում, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։

«Տեղեկատվական մասով, ինչպես գիտեք, Ռուսաստանը համապատասխան քարտեզագրական նյութեր ունի, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրվել սահմանազատման և սահմանագծման գործընթացին մասնակցող կողմերի խնդրանքով», — հավելել է Օվերչուկը։

Նա նշել է, որ արդեն իսկ լավ առաջընթաց է գրանցվել։

«Շատ մեծ, լավ առաջընթաց է գրանցվել։ Սահմանի մի մասը սահմանազատվել և սահմանագծվել է։ Այժմ նրանք (Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը), որքան ինձ հայտնի է, վերջերս հանդիպել են, պայմանավորվել են սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկի մասին, կշարժվեն հյուսիսից հարավ՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հատման կետից, և կգնան ներքև»,–ասել է Օվերչուկը լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նա հավելել է, որ ռուսական կողմը միշտ ողջունել է այսպիսի շփումները և համատեղ աշխատանքը, քանի որ դա կնպաստի տարածաշրջանի կայունությանը։

Հունվարի 16-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն է ձեռք բերվել սահմանազատման նոր հատվածի շուրջ։ Համաձայնությունը նախատեսում է աշխատանքների մեկնարկ հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և շարունակություն հարավային ուղղությամբ՝ մինչև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Իրանի հետ։