31 հունվարի 2025 - 18:35 AMT
ՀՀ փոխվարչապետը կարևորել է ԵԱՏՄ-ում բիզնես նախագծերի ֆինանսավորման ընդլայնումը

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ, որը կայացել է Ալմաթիում, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում համատեղ բիզնես ծրագրերի զարգացման համար անհրաժեշտ է ստեղծել ավելի մատչելի ֆինանսավորման համակարգեր։

Նրա խոսքով՝ աջակցությունն ավելի հասանելի դարձնելու դեպքում կաճի նաև կոոպերացիոն նախագծերի նկատմամբ հետաքրքրվածությունը, հայտնում է Sputnik Արմենիան։

Փոխվարչապետն ընդգծել է, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտների աջակցության մեխանիզմների կատարելագործմանը, ինչպես նաև մաքսային և լոգիստիկ ենթակառուցվածքների արդիականացմանը։

«Դա հատկապես կարևոր է Հայաստանի համար՝ հաշվի առնելով միության մյուս անդամ պետությունների հետ ընդհանուր սահմանների բացակայությունը», – նշել է Գրիգորյանը։

Նա հավելել է, որ ներկայիս բարդ պայմաններում Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել՝ ԵԱՏՄ-ի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։

«Չնայած բոլոր դժվարություններին` մենք շարունակում ենք շարժվել արդյունավետ միավորում կառուցելու ուղղությամբ, որը կշարունակի հաջողությամբ գործել ժամանակակից իրողություններում», – ընդգծել է նա։

Հունվարի 31-ին Ալմաթիում, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում, անցկացվել է նաև Digital Almaty համաժողովը, որտեղ Գրիգորյանն ու մյուս երկրների ներկայացուցիչները կարևորել են թվային տեխնոլոգիաների դերը։ Նրանց խոսքով՝ Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամը զարգացնում է այդպիսի համակարգերից մեկը՝ տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերը։