Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵԱՏՄ գործադիր մարմին) քննարկման ակտիվ փուլում է գտնվում կրիպտոգրաֆիկ պաշտպանության համատեղ միջոցների մշակման մասին որոշման նախագիծը: Այս մասին Ղազախստանում Digital Almaty ֆորումի ժամանակ հայտարարել է ԵՏՀ նախագահ Բակիտժան Սագինտաևը։
Նրա խոսքով՝ այդ միջոցները կօգնեն ապահովել միության երկրների անվտանգությունը երրորդ երկրների հետ տեղեկատվության փոխանակման ժամանակ, գրում է Sputnik Արմենիան։
Սագինտաևը հիշեցրել է, որ անցած տարի հանձնաժողովում ստեղծվել է մշտադիտարկման կենտրոն, որը հետևում է միության տեղեկատվական ենթակառուցվածքի բոլոր բաղադրիչների գործունեությանը, իսկ այսօր ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների (որոնք ժամանել են Digfital Almaty ֆորումին և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին) մասնակցությամբ սկսվել է էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչման համակարգի գործարկումը:
Հետագայում, ինչպես նշել է Սագինտաևը, քաղաքացիները կկարողանան համակարգ վերբեռնել դիպլոմները, բժշկական տեղեկանքները, աշխատանքային գրքույկները, և ԵԱՏՄ բոլոր երկրներն ինքնաբերաբար կճանաչեն դրանք։
ԵԱՏՄ համաձայնագրի հիման վրա միության երկրները կարգավորել են կենսաթոշակային ստաժի մասին տվյալների փոխանակումը և ինքնաբերաբար ճանաչում են այն փոխադարձ հիմունքներով, ակտիվորեն փոխգործակցում են մաքսային մարմինները (այդ թվում՝ երրորդ երկրներից ապրանքների տեղափոխման ժամանակ), իրականացվում է ապրանքների որակի և անվտանգության վերաբերյալ փաստաթղթերի էլեկտրոնային ստուգում։ Նախատեսվում է ընդհանուր համակարգը տարածել բեռնատար և ուղևորատար տրանսպորտի, պետական գնումների, բորսայի առևտրի վրա։
Ուշադրություն է դարձվում նաև քաղաքացիների նույնականացման միասնական համակարգի նախագծին։ Այս պահին փորձարկում են Հայաստանն ու Ղրղզստանը։
Digital Almaty համաժողովում, ինչպես նաև հունվարի 30-31-ը Ղազախստանում անցկացվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։