6 փետրվարի 2025 - 16:41 AMT
Տեսչական մարմին․ Ապահովել օդի համապատասխան ջերմաստիճան, վատառողջ երեխաներին մեկուսացնել

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնայնությամբ պայմանավորված, հրապարակել է կանոններ, որոնց ուսումնական հաստատությունները պետք է հետևեն՝ կանխելու սուր շնչառական վարակների տարածումը։

Նախադպրոցական հաստատություններում պետք է իրականացնել․

· Առավոտյան ընդունելության ժամանակ ծնողներից տեղեկություն ստանալ երեխայի առողջական վիճակի մասին։

· Հետևել, որ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններ ունեցող երեխաները չընդունվեն ուսումնական հաստատություն։

· Օրվա ընթացքում վատառողջ երեխաներին մեկուսացնել։

· Օդափոխել տարածքը միայն այն պահին, երբ երեխաները սենյակում չեն։

· Խստորեն վերահսկել օդի ջերմաստիճանը սենյակներում։

· Հնարավորինս սահմանափակել զանգվածային միջոցառումները և խուսափել երեխաների միջխմբային շփումներից։

· Ամեն օր իրականացնել խոնավ մաքրում՝ առնվազն երկու անգամ։

· Հիվանդությունից ապաքինված երեխաներին հաստատություն թույլատրել մուտք գործել միայն համապատասխան տեղեկանքի առկայության դեպքում։

Հանրակրթական դպրոցներին հավելյալ պահանջներ են ներկայացվել․

· Հիվանդ երեխաներին հայտնաբերել միջին բուժաշխատողի կողմից և անհապաղ տեղափոխել բուժկետ։

· Անհրաժեշտության դեպքում տեղեկացնել ծնողներին կամ օրինական ներկայացուցիչներին՝ երեխային տուն ուղեկցելու համար։

· Դասամիջոցներին և հերթափոխերի միջև դասասենյակները լիարժեք օդափոխել։

· Ապահովել օդի համապատասխան ջերմաստիճանը։

· Ամեն օր կատարել խոնավ մաքրում՝ առնվազն երկու անգամ։

Տեսչական մարմինը հորդորել է ուսումնական հաստատություններին խստորեն հետևել սահմանված պահանջներին՝ կանխարգելելու սուր շնչառական վարակների տարածումը։

Հայաստանում շարունակվում են շրջանատվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները։ Այլ շնչառական վարակներից՝ ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի, և կորոնավիրուսային հիվանդության SARS-COV-2-ի հարուցիչներ։