Բաքվում շարունակվում է Արցախի նախկին պետնբախարար Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը, որի գործը քննվում է առանձին վարույթով։
Նախագահող դատավորը հայտարարել է դատական հետաքննության մեկնարկի մասին և սկսել ընթերցել մեղադրական եզրակացության վերջնական մասը:
Մեղադրանքի համաձայն, Ռուբեն Վարդանյանը միացել է «հանցավոր խմբավորմանը, ղեկավարել է այն և գործել՝ համաձայն դրա նպատակների», գրում է Minval.az-ը։
Մեղադրական եզրակացության մեջ հիշատակվում են նաև ՀՀ նախկին նախագահները, պաշտոնյաները, անգամ Ազգային հերոս Մոնթեն։
«Դատախազը նշել է, որ այս հանցավոր խումբը ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սամվել Բաբայանի, Վիտալի Բալասանյանի, Զորի Բալայանի, Սեյրան Օհանյանի, Մոնթեի և այլ անձանց մասնակցությամբ և ղեկավարությամբ: Այն համակարգված և լայնածավալ ռազմական գործողություններ է իրականացրել Ադրբեջանի Հանրապետության դեմ՝ գործելով Հայաստանի իշխանությունների և զինված ուժերի աջակցությամբ՝ կենտրոնացված կառավարման և խիստ հսկողության պայմաններում»,–ասվում է մեղադրական եզրակացության մեջ։
Մեղադրական ակտի ընթերցումը կշարունակվի հաջորդ նիստում, որը կկայանա փետրվարի 10–ին։
Փետրվարի 6-ին Բաքվի ռազմական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, սկսվել են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց նկատմամբ քրեական գործերի դատական լսումները։ Նրանց ծանր մեղադրանքներ են առաջադրվել, այդ թվում «ռազմական հանցագործությունների, ցեղասպանության, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման» և այլ։
Դատախազը հայտարարել է, թե «այս դատավարությունը տեղի է ունենում արդարության վերականգնման համար»։
«Դատական քննության ընթացքում պարզ կդառնա, որ հետաքննված և ներկայացված հանցագործությունները կատարվել են Հայաստանի պետության քաղաքական, ռազմական, նյութական և այլ աջակցության, հայկական քաղաքական և ռազմական ղեկավարության ցուցումների և հրահանգների արդյունքում»,–ասել է նա, գրում է Minval.az-ը։
Մեղադրական եզրակացության մեջ թվարկվում են ՀՀ նակին նախագահների և պաշտոնյաների անունները։
Փետրվարի 7–ին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունը կշարունակվի։
ՎարչապետՆիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին հոգեմետ նյութեր են տալիս: Նա հավելել է, որ այդ մասին կան հետախուզական տվյալներ և որ նպատակը էսկալացիա հրահրելն է։
2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում կայացել է Արցախի ղեկավարների գործով դատավարության առաջին նիստը։