Ադրբեջանի վարչակարգը շարունակում է ոչնչացնել Արցախի համաքրիստոնեական նշանակություն ունեցող պատմաճարտարապետական կոթողները, ամբոջական բնակավայրեր և բնակելի թաղամասեր: Հերթական թիրախը դարձել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը, հայտնում է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն ֆեյսբուքյան էջը։
Նշվում է, որ այդ մասին հայտնի է դարձել տելեգրամյան ալիքում 2025 թ. փետրվարի 4 –ին հրապարակած լուսանկարից:
«Այս բոլոր փաստերը ևս մեկ անգամ վկայում են, որ Արցախի տարածքում գտնվող ամբողջ համամարդկային արժեք ներկայացնող ժառանգությունը գտնվում է ամբողջական ոչնչացման և յուրացման վտանգի տակ, ինչը նույնպես ցեղասպանության դրսևորում է»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Արցախում հայկական մշակութային ժառանգության հանդեպ կատարվող վանդալիզմը արձանագրում են նաև միջազգային գիտական կենտրոնները, որոնք կարևոր հիմք են տալիս ադրբեջանական` ցեղասպան և ահաբեկիչ պետությանը միջազգային դատարանի առաջ կանգնեցնելու համար։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ստեփանակերտի Սարոյան փողոցն ամբողջությամբ թալանվել է ադրբեջանցիների կողմից։ Քանդվում են տները, այդ թվում նաև դեպի Ալեք Մանուկյանի փողոց տանող հատվածը, որը մի ամբողջ թաղամաս է կազմում: