7 փետրվարի 2025 - 14:26 AMT
Շղթայական վթար՝ Սյունիքում․ 150 մեքենա խցանման մեջ է

Փետրվարի 6-ին՝ ժամը 20:50-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձավեր-Աղվանի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ երկու խումբ, ինչպես նաև հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Տանձավեր գյուղի վերջնամասում տեղի է ունեցել շղթայական վթար, որին մասնակցել է վեց տրանսպորտային միջոց։ Բացի այդ, ևս ինը մեքենա դուրս է եկել ճանապարհից ու հայտնվել ճանապարհամերձ հատվածում, իսկ ընդհանուր առմամբ 150 ավտոմեքենա խցանման մեջ է հայտնվել։

Փրկարարներն ու պարեկները համատեղ ուժերով բոլոր տրանսպորտային միջոցները դուրս են բերել խցանումից՝ վերականգնելով երթևեկությունը։