7 փետրվարի 2025 - 18:26 AMT
Պեսկովը թյուրիմացություն է անվանել «Ռուսական տունը» փակելու Բաքվի որոշումը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը թյուրիմացություն է անվանել «Ռուսական տունը» փակելու Բաքվի որոշումը։ Նա նշել է, որ Մոսկվան ափսոսում է այս որոշման համար և մտադիր է հարցը քննարկել բանակցությունների ընթացքում։

Նա չի բացառել, որ հարցը կբարձրացվի երկրների ղեկավարների մակարդակով, հայտնում է «Կոմերսանտը»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում նշել է, որ Մոսկվան ակնկալում է, որ Բաքվում «Ռուսական տան» գրանցման հետ կապված հարցը հնարավորինս շուտ դրական լուծում կստանա։

Ավելի վաղ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ «Ռուսական տունը» որպես իրավաբանական անձ գրանցված չէ, ինչը հակասում է երկրի ներքին օրենսդրությանը։ Այդ կապակցությամբ Բաքուն Մոսկվային ծանուցում է ուղարկել՝ պահանջելով դադարեցնել Ռուսաստանի տեղեկատվամշակութային կենտրոնի գործունեությունը 1․5 ամսվա ընթացքում։ «Ռուսական տունը» Բաքվում հիմնադրվել է 1997 թվականին։