Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ Չեխիայի, Գերմանիայի և Բելգիայի հետ համատեղ Երևանում կանցկացվեն գարեջրի օրեր: Այդ մասին ասել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, հայտնում է Արմենպրեսը։
Նա նշել է, որ ԵՄ երկրների դեսպանների հետ հանդիպումների ընթացքում համաձայնության են ձեռք բերել Չեխիայի, Գերմանիայի և Բելգիայի հետ համատեղ Երևանում անցկացնել գարեջրի օրեր:
«Նշեմ, որ սա որևէ կապ չունի «Երևանի գարեջրի օրեր» փառատոնի հետ: Սա առանձին միջոցառում է, որին դեսպանները սիրով համաձայնություն են տվել, խոսել ենք նաև Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի հետ, ով նույնպես համաձայնություն է տվել»,- ասել է Գևորգյանը։
Կոմիտեի նախագահը նշել է, որ Ֆրանսիայի և Բելգիայի հետ ևս ունեն համագործակցություն, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել փոխայցելություններ և Հայաստանում գինու ոլորտին միտված խոշորագույն միջոցառումներ:
Զբոսաշրջության կոմիտեն նախատեսում է նաև ակտիվացնել և մեծացնել Վրաստանի և Իրանի հետ համատեղ զբոսաշրջային ծրագրերը:
Անդրադառնալով Հայաստանում անցկացվող ամենամյա փառատոներին՝ կոմիտեի նախագահը նշել է, որ նախորդ տարի անցկացվել է 12 փառատոն, որից երկուսը Երևանում, իսկ մյուսները՝ մարզերում:
«Այս տարի ևս նույն տրամաբանությունը շարունակելու ենք։ Կարծում ենք, որ Հայաստանի քաղաքացիներին և մեր հյուրերին, պետք է ուղղորդենք նաև մարզեր: Իսկ մարզերում զբոսաշրջային ներուժը մեծացնելու նպատակով նախատեսում ենք անխտիր բոլոր մարզերում իրականացնել զբոսաշրջության ծառայությունների լավարկմանը միտված դասընթացներ, որոնք իրենց մեջ կներառեն հյուրասիրության, հյուրընկալության և մարքեթինգային կոմպոնենտը»,- նշել է Գևորգյանը:
2024 թվականի ընթացքում ՀՀ է այցելել 2,208,179 զբոսաշրջիկ, ինչը 2023-ի համեմատ նվազել է 4.6 տոկոսով, 2023–ին ՀՀ է այցելել է` 2,316,000 մարդ։