Փետրվարի 8-ին՝ ժամը 04:42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ահազանգ է ստացել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի վերաբերյալ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը տարածվել է փայտե շինության երկրորդ հարկում և տանիքում՝ ընդգրկելով մոտ 450 քմ տարածք։
Հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան է հայտարարվել, ինչի հետևանքով դեպքի վայր են մեկնել նաև ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային օպերատիվ խումբը և երկու լրացուցիչ մարտական հաշվարկ։ Ավելի ուշ, օգնության են ուղարկվել ևս չորս մարտական հաշվարկ՝ ջրամատակարարման համար։
Փրկարարները շենքից անվտանգ դուրս են բերել 27 բնակչի։