Երևանում մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը, որը նվիրված է հնդկական և համաշխարհային կինոյի աստղ Ռաջ Կապուրի 100-ամյակին։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանում հնդկական կինոյի օրերի անցկացումն արդեն դարձել է բարի ավանդույթ։
«Ռաջ Կապուրը մեծ կինոժառանգություն է թողել՝ հանդիսատեսին փոխանցելով նաև ժամանակի ոգին։ Նրա արվեստն աչքի է ընկնում մարդասիրությամբ, նրա կերպարները ներկայացնում են հասարակ ժողովրդի պատմությունը, ցավը, ուրախությունն ու հույսերը։ Ռաջ Կապուրի ֆիլմերը յուրահատուկ գույն են ավելացնում Հնդկաստանի մշակութային խճանկարին և դարձել են հնդկական կինոյի խորհրդանիշերը՝ միաժամանակ հարստացնելով նաև համաշխարհային կինեմատոգրաֆիայի գանձարանը:
Նրա կինոն շարունակում է հուզել մարդկանց սրտերը, իսկ նրա դավանած գաղափարները շարունակում են ուղենիշ լինել շատերիս համար։ Նրա ֆիլմերը հանդիսատեսն այսօր ևս դիտում է սիրով, որը փաստում է՝ կինոն կարևոր գործիք է համամարդկային գաղափարներ տարածելու և մարդկանց կրթելու համար»,- ասել է նա:
Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ փառատոնը նաև հիմք կհանդիսանա երկու երկրների կինոգործիչների միջև համագործակցությունը խորացնելու և համատեղ ֆիլմեր ստեղծելու համար:
Փառատոնի շրջանակում տեղի է ունեցել նաև Ռաջ Կապուրի գործունեությանը նվիրված լուսանկարների ցուցահանդես։