Հայաստանի ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչները վերապատրաստման դասընթացներ կանցնեն Սանկտ Պետերբուրգի Կ. Ուշինսկու անվան հետդիպլոմային մանկավարժական կրթության ակադեմիայում:
«Ձմեռային դպրոց» ծրագրի շրջանակներում Հայաստանից 6 մանկավարժ կսովորի Աբխազիայի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Հարավային Օսիայի և Շվեդիայի իրենց գործընկերների հետ, հայտնում է Sputnik Արմենիան։
Պարապմունքները վարում են Սանկտ Պետերբուրգի՝ լավագույն ուսուցչի կոչման համար համառուսաստանյան մրցույթների հաղթող ուսուցիչները: Նրանք կներկայացնեն դասավանդման ժամանակակից մեթոդները, ներառյալ մեմերի օգտագործումը, ինչպես նաև կքննարկեն բազմազգ և բազմամշակութային դասարաններում ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման առանձնահատկությունները:
Բացի դասախոսություններից, մասնակիցների համար քաղաքի գրական վայրերում կկազմակերպվեն նաև էքսկուրսիաներ: Դասընթացները նվիրված են մեծանուն ռուս պոետ Ալեքսանդր Պուշկինի հիշատակի օրվան։