ՀՀ ԱԳՆ-ում Եվրոպական միության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ քննարկվել է մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի կիրարկման ընթացքը: Արտաքին գործերի նախարարությունում կայացած աշխատանքային հանդիպմանը մասնակցել են ԱԳՆ Հյուպատոսական վարչության, Եվրոպայի վարչության Եվրոպական միության բաժնի ներկայացուցիչներն ու ԵՄ պատվիրակությունը:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի կիրարկմանը: Բացի այդ, ներկայացվել են հյուպատոսական գործառույթները, որոնք իրականացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները:
Եվրոպական միության պատվիրակության կազմում ընդգրկված են ԵՄ տարբեր տնօրինությունների, Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչներ: Նրանք փետրվարի 10-14-ը Հայաստանում են լինելու՝ ՀՀ-ԵՄ վիզայի ազատականացման երկխոսության շրջանակում:
Այցի հիմնական նպատակը փաստաթղթերի անվտանգության, սահմանների կառավարման, միգրացիոն գործընթացների և հարակից այլ ոլորտներում Հայաստանի պատրաստվածության համապարփակ գնահատումն է: Այս վերլուծությունը կնպաստի ՀՀ-ԵՄ վիզայի ազատականացման երկխոսության գործողությունների ծրագրի մշակմանը:
Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։