Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ հանդիպումը համարում է «շատ կարևոր և արդյունավետ»։
«Ուզում եմ նշել, որ Սպիտակ տանն ի սկզբանե հանդիպումներ նախատեսված չէին։ Սակայն, այո, ես հանդիպել եմ ԱՄՆ փոխնախագահի հետ։ Դա եղել է իմ այցի վերջին օրվա վերջին իրադարձությունը»,- նշել է նա։
Նա ընդգծել է, որ քննարկումը եղել է «երկարատև, հանգամանալից և արդյունավետ»։
Վարչապետին հարցրել են նաև, թե ինչպես է վերաբերվում այն գնահատականներին, որ նոր վարչակարգը կարող է չիրագործել ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության մասին կանոնադրությունը։
Նա նշել է, որ նման հարցերին պետք է մոտենալ գործնական սկզբունքով՝ խուսափելով թե ավելորդ ոգևորությունից, թե անհարկի մտահոգություններից։
«Փաստաթուղթը ստորագրվել է անցման շրջանում, երբ ձևավորվում են անցումային թիմեր։ Նրբությունն այն է, որ որքան մասնակցել է նախորդ վարչակազմը, նույնքան էլ՝ նոր վարչակազմը։ Եթե նոր վարչակազմը չցանկանար, դա չէր տեղի ունենա»,- նշել է Փաշինյանը։
Փետրվարի 7-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, կայացել է Հայաստանի վարչապետի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ։ Փաշինյանը Վաշինգտոնում մասնակցել է Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին, որի ընթացքում հանդես էր եկել ելույթով»։