Ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման շրջանակում քաղաքացիներին հնարավորություն է տրվում մինչև 100, 000 հազար դրամ փոխհատուցում ստանալ առողջապահական և կրթական որոշ ծախսերի դիմաց։ Այդ մասին ասուլիսում մեկ անգամ ևս ասել է ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։
Բուհերի և քոլեջների ուսման վարձերի հետ միասին այժմ հնարավոր կլինի փոխհատուցում ստանալ նաև ոչ ֆորմալ կրթական ծառայություններից օգտվելու դեպքում։ Օրինակ՝ եթե քաղաքացին 2024 թվականին անգլերենի դասերի է հաճախել, երեխային ընդգրկել է ջութակի դասերի կամ մարզադպրոց է ուղարկել, վճարած գումարները կփոխհատուցվեն՝ հայտարարագրի սոցիալական կրեդիտի բաղադրիչով, հայտնում է Արմենպրեսը։
Սոցիալական ծախսերի մեջ ներառվում են նաև երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների և կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված այլ կրթական ծրագրերի վճարները։
Պողոսյանը նշել է, որ այս փոփոխությունները վերաբերում են բացառապես անկանխիկ կատարված վճարումներին։
«Նոր որոշման նպատակն է ընդլայնել առողջապահության և կրթության գծով սոցիալական ծախսերի շրջանակը, որպեսզի ավելի շատ քաղաքացիներ օգտվեն այս հնարավորությունից»,– ասել է նա։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ընդգծել է, որ ոչ ֆորմալ կրթական ծառայություններ մատուցողները պետք է երաշխավորված լինեն ԿԳՄՍՆ-ի կողմից։
«Այդ անհատները կամ կազմակերպությունները պետք է դիմում ներկայացնեն նախարարությանը, որպեսզի ծրագիրը փորձաքննության ենթարկվի»,– նշել է Սվաջյանը։
Եթե քաղաքացին ստացել է ծառայություն կազմակերպությունից, որը դեռ երաշխավորված չէ, ապա այդ կազմակերպությունը կարող է դիմել ԿԳՄՍՆ՝ կարգավորելու իր կարգավիճակը։
«Փորձելու ենք գործընթացը հնարավորինս արագացնել, որպեսզի քաղաքացիներն օգտվեն փոխհատուցման իրավունքից»,– հավելել է նա։
Արման Պողոսյանը նաև անդրադարձել է հաշվարկային փաստաթղթերի հարցին՝ նշելով, որ տնտեսվարողները կարող են հետին թվով դուրս գրել անհրաժեշտ փաստաթղթերը։
«Սովորաբար, երբ ծառայությունից օգտվում է ֆիզիկական անձը, տրամադրվում է ՀԴՄ կտրոն, բայց ոչ հաշվարկային փաստաթուղթ։ Այժմ քաղաքացին կարող է խնդրել կազմակերպությանը, որ այն տրամադրի համապատասխան փաստաթուղթ»,– նշել է Պողոսյանը։
Եկամուտների համընդհանուր հայտարարագրումն ուժի մեջ է մտնելու նոյեմբերի 1–ից։